Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 13 » Մեծ պահքի խորհուրդը
21:29
Մեծ պահքի խորհուրդը

«Եւ արդ, - ասում է ձեր Տէր Աստուածը, - դարձէք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահութեամբ, լալով ու կոծելով: Ձեր սրտերը պատռեցէք եւ ոչ թէ ձեր հագուստները»:
Այո, դարձէք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար:

Յովել 2:12 – 13


Մեծ Պահքն այս տարի սկսվում է փետրվարի 11-ից և ավարտվում մարտի 30-ին։ Մարտի 31-ին մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության` Ս. Զատկի տոնն է։
Պահքն Աստծուն սիրողների համար մեծ շնորհ է ու զարդ, որը սնուցանում ու բնակակից է դարձնում սրբերին և մոտեցնում Աստծուն: Աստված պահեցողության պատվիրանը տվեց առաջին մարդուն դեռևս դրախտում, որպես դաստիարակ. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՜ կերեք» (Ծննդ. Բ 16): Եվ քանի դեռ մարդն պահում էր այդ պատվիրանը, հրեշտակներին հավասար էր: Սակայն երբ նախաստեղծները մահաբեր ճաշակմամբ խաբվեցին սատանայից և դուրս ելան պահքից, ընկան շնորհներից, լույսից մերկանալով` արտաքսվեցին դրախտից և դրվեցին նզովքի ու մահվան տակ:
Ավետարանում պատմվում է, որ Քրիստոս Իր քարոզչությունը սկսելուց առաջ քառասուն օր առանձնացավ անապատում` աղոթքով և ծոմապահությամբ կենալու համար: «Միայն հացով չէ, որ ապրում է մարդ, այլ Աստծու ամեն խոսքով» (Ղուկաս Դ 4): Այս ամենից ելնելով` առաքյալները Եկեղեցու զավակների համար պահքը սահմանեցին, իսկ հետագայում` 325 թ. – ին, Նիկիայի տիեզերական ժողովում հաստատվեցին պահեցողության կանոնները: Եկեղեցին Քրիստոսի   օրինակին   հետևելով`   հաստատեց   քառասնորդական պահքը, որը կոչվում է նաև Մեծ Պահք: Նախնական եկեղեցում նորադարձ քրիստոնյաներին հանձնարարվում էր  քառասնօրյա պահեցողության և ապաշխարության շրջան, որից հետո կարող էին մկրտվել:

 

Հայ եկեղեցում տարվա կեսը պահոց օրեր են: Այդ օրերին հրաժարվում ենք կենդանական կերակուրներից և մեր մարմինը սնուցում միայն բուսական սննդով: Սակայն պահքի օրերը միայն սննդամթերքի որոշ տեսակներից հրաժարման օրեր չեն, այլ մեզ հաճույքներից և վայելքներից հեռու պահելու, ինչպես նաև` խոկումի, ինքնաքննության, բարեգործության, զղջումի և ապաշխարության, մեղքերից ազատման և հոգիների մաքրման օրեր, որպեսզի առավել ևս խորացնենք  մեր հավատքը և Քրիստոսով վերաարժևորենք մեր կյանքը:
Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց: Պահքն ի հաճույս մարդկանց պիտի չլինի, այլ` ի փառս Աստծո: Պահքի նպատակն է մեր մարմինը վարժեցնել սակավապետության, որպեսզի հարստացնենք մեր հոգևոր կյանքը: Եթե մեկն ինքնանպատակ է պահք պահում, այսինքն` փառասիրության, կեղծավորության կամ էլ նիհարելու համար, ապա այն Աստծուն ընդունելի չէ, որովհետև ապաշխարության նպատակով չէ:
«Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՜ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպէսզի   մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՜յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՜ր քո գլուխը եւ լուա՜ քո երեսը, որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ»: (Մատթ 6:16 - 18)

 

Վարդապետներն  ասում  են,  որ  այն  պարագային  է  մարմնի պահքը գեղեցիկ, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Եվ ի՞նչ օգուտ մարմինը պահքով նվազեցնելուց, եթե հոգին գիրացնում ենք մահացու մեղքերով: Մարդը հոգի է և մարմին, և որպես ուտելիքը մարմնին է հաճելի, նույնպես և պահքը` հոգուն: Պահքը հոգին սնուցելու միջոց է. շարականներ, մեղեդիներ, երգեր, ավետարանական ընթերցումներ, աղոթքներ, ահա այն ամենը, որոնցով սնվելու է հավատացյալ մարդու հոգին պահքի ընթացքում:

 

«Արդ, ձեր ծոմապահութեան օրերին ձեր ցանկութիւններն էք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակայ են ձեզ: Հակառակութեան եւ կռիւների մէջ էք պահում եւ բռնցքահարում տկարին: Իսկ իմ ինչի՞ն է պէտք այդպիսի ծոմապահութեան օրը. դուք պիտի գաք բողոքէք ինձ, եւ ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր. այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, - ասում է Տէրը: - Քանդի՜ր անիրավութեան հանգոյցը, խորտակի՜ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ների՜ր ու արձակի՜ր նեղեալներին եւ պատռի՜ր բոլոր անիրաւ մուրհակները»: (Եսայի 58:3 – 6)


Պահքը անպայման պետք է զուգորդվի աղոթքներով, որով կառաջնորդվենք դեպի ավետարանական ճշմարտություններ, դեպի հավատք, դեպի Աստված:
Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակի: Այդ կիրակիները կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ, որոնք կազմել են Հակոբոս Տյառնեղբայրը և Կյուրեղ Երուսաղեմացին: Այդ կիրակիներն   են`   Բուն   բարեկենդան,   Արտաքսման,    Անառակի, Տնտեսի, Դատավորի և Գալստյան: Այս անվանումներն ինքնըստինքյան հայտնում են յուրաքանչյուր կիրակիի խորհուրդ, և բոլորը միսնաբար կազմում են ՙոսկե շղթա՚, որոնցով ծանոթանում ենք մարդու անցած ճանապարհին` աշխարհի արարչագործությունից մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը:

 

Մարդը սկզբում վայելում էր դրախտային երջանկությունը: Ապա պատվիրանազանցությունը պատճառ է դառնում մարդու` դրախտից արտաքսման: Որոշ ժամանակ անց մարդ արարածը զղջում է և դարձի գալիս: Երկնավոր Հայրը ներում է մարդուն և արժանացնում նախկին փառքին ու շնորհներին` աշխարհի վրա կարգելով որպես տնտես: Այստեղ Եկեղեցին մեզ հիշեցնում է, որ դատաստան է լինելու, և մենք` որպես աշխարհում կարգված տնտեսներ, պատասխան ենք տալու մեր տնտեսության և ապրած կյանքի համար: Եվ այս ամենը պիտի եզրափակվի Տիրոջ երկրորդ գալստյամբ, երբ մեղավորները պիտի դատապարտվեն, իսկ արդարներն արժանանան հավիտենական կյանքին:
Մեծ պահքի ընթացքում հավատացյալներին առիթ է ընծայվում մտածելու փրկագործության խորհրդի մասին: Անհրաժեշտ է, որ մարդիկ գիտակցեն իրենց ընծայված այս պարգևի արժեքը. Մեծ պահքը հոգևոր մի յուրահատուկ ճանապարհորդություն է, որն ամեն տարի մեզ առաջնորդում է  դեպի Սուրբ Զատիկ և արժանացնում տոնելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Մեծ պահքի քսանչորսերորդ օրը կոչվում է Միջինք: Միջինքն ազդարարում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին:
Բուն բարեկենդանին սկսած պահքը լուծում ենք սուրբ Զատիկից մեկ օր առաջ` շաբաթ երեկոյան, ճրագալույցի պատարագից հետո: Բուն բարեկենդանի կիրակիից մինչև սուրբ Զատիկ հիսուն օր է, որոնցից քառասունութը բուն պահքի օրերն են:
Մեծ պահքի շրջանին և առհասարակ պահոց օրերին պսակ և մատաղ չեն անում:



Աղբյուրը` http://www.holytrinity.am/posts/view/823

Դիտումներ: 403 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: