Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 15 » Կալանավորը պատրաստվում է հացադուլի. հուսալքված ծնողների խնդրանքը
19:51
Կալանավորը պատրաստվում է հացադուլի. հուսալքված ծնողների խնդրանքը
Կալանավոր Շալիկո Մանուչարյանի ծնողները դիմում-բողոք են գրել լրատվամիջոցներին, իրավապաշտպան կազմակերպություններին եւ միջազգային կառույցներին: 

Նրանք խնդրում են աջակցել որդու՝ խախտված իրավունքների պաշտպանության գործում, եւ թույլ չտալ, որ անմեղ մարդը դատապարտվի չկատարած արարքի համար միայն այն պատճառով, որ այդպես է ցանկանում դատախազը, որ ոստիկանների վրա չբացահայտված գործ չմնա: 

2010 թ. նոյեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում ցերեկը ինչ-որ անձ կրակել է Վանաձոր քաղաքի բնակիչ Արսեն Փերիխանյանի վրա եւ դիմել փախուստի: Այդ դեպքի մասին մենք իմացել ենք նույն օրը, երբ ոստիկանները լցվել էին մեր տուն եւ տղայիս՝ Շալիկո Սերգեյի Մանուչարյանին էին հարցնում: Մեր որդին այդ դեպքի հետ ոչ մի կապ չունի: 

2012 թ. մայիսի 30-ին ոստիկանները ներխուժել են մեր տուն եւ մեր որդուն տարել են Վանաձորի ոստիկանություն՝ մեզ ասելով, որ նրա նկատմամբ դատարանի սանկցիա կա: ներկայումս մեր տղան անհիմն կալանավորված է եւ ապօրինաբար արդեն 7,5 ամիս գտնվում է կալանավայրում: Նրան մեղադրում են իր չկատարած արարքի մեջ: Այն, որ իմ որդին այդ դեպքի հետ ոչ մի կապ չունի, գիտեն բոլորը, այդ թվում Լոռու եւ Շիրակի մարզի դատախազները եւ քննիչներն ու ոստիկանները: 

Ի դեպ, պետք է նշեմ, որ տղայիս սկզբից պահում էին Վանաձորի քննչական մեկուսարանում, այնուհետեւ տեղափոխեցին Արթիկի բերդ, մոտ 4 ամիս անց նորից տեղափոխում են Վանաձորի մեկուսարան: Չեն կարողանում հաստատել որդուս գլխին «սարքած» «մեղադրանքը», դրա համար կարծես թե Շիրակի եւ Լոռու մարզերի դատախազները եւ քննիչները մտել են մրցավազքի մեջ. Իրար, այսպես ասած, «պաս» են տալիս, չեն կարողանում կոնկրետացնել, թե դատախազներից որ մեկը պետք է հաստատի անմեղ մարդու վրա «բարդած» մեղքը: 

Վանաձոր քաղաքում տարբեր մարդկացից լսել ենք, որ իրավապահները, հստակ ցուցում ունենալով Շալիկո Մանուչարյանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Լոռու մարզի դատախազից, իրենցից կախման մեջ գտնվող մարդկանց կանչել եւ հարցաքննել են իբրեւ ականատես վկաներ: Այդ մարդկանցից, օրինակ, ոմն Սուրենին ճանաչում է գրեթե ամբողջ Վանաձոր քաղաքը, ճանաչում է որպես նախկին ՕԲԽՍՍ-ի հաստիքային գործակալի, ապա նաեւ ոստիկանների գործակալի, ով մշտապես ընթերականի կարգավիճակ ունի եւ բազում մարդիկ նրա, վկայություններով. դատապարտվել են: Իսկ մեկ այլ, այսպես ասած, վկան հանրաճանաչ ալկոհոլիկ եւ մուրացկան է: 


Հիշեցնեմ, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի կենտրոնական, մարդաշատ փողոցի վրա, ամենաաշխույժ սրճարանի մոտ, օրվա ցերեկային ժամին, եւ ինչպես է ստացվել, որ բացի այդ «վկաներից., որեւէ այլ՝ ոստիկաններից կախման մեջ չգտնվող անձ չի տեսել, որ մեր տղան է «հանցագործը»:
Դիմելով ձեզ՝ խնդրում ենք, որ մեր տղայի վերաբերյալ քննվող քրեական գործը ձեր ուշադրության կենտրոնում պահեք: Զգալով ձեր հետաքրքրությունը գործի նկատմամբ՝ իրավապահները հնարավոր է՝ հետ կանգնեն մեր տղայի նկատմամբ հարուցված անհիմն մեղադրանքից եւ ապօրինություններից, ուստի խնդրում ենք ձեզ հարգել մեր ծնողական խնդրանքը:

Մեղադրյալ Շալիկո Մանուչարյանը որեւէ այլ ելք չի տեսնում եւ պատրաստվում է իր նկատմամբ իրականացվող ակնհայտ ապօրինի հետապնդման դեմ, որպես բողոքի արտահայտման միջոց, հայտարարել հացադուլ:



Հայցում ենք ձեր աջակցությունը:
Դիմումատու, հուսալքված ծնողներ՝
Սերգեյ Շալիկոյի Մանուչարյան Ռուզաննա Հովհաննեսի Վարդանյան


Դիտումներ: 115 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Код *: