Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 13 » Առաջին անգամ պահք պահողներին եկեղեցին որոշակի արտոնություններ է տալիս
21:38
Առաջին անգամ պահք պահողներին եկեղեցին որոշակի արտոնություններ է տալիս

Հայաստանյան եկեղեցու տարեկան տոների շարքում տարվա շուրջ կեսը պահքերի օրեր են: Պահքը մարդու համար Աստծուց սահմանված ամենաառաջին կանոններից մեկն է: Քրիստոնեկանան տեսակետից պահքը սահմանվում է որպես մարմինը հնազանդության բերելու, այն Աստծով կրթելու, հոգեւոր զորությամբ լցվելու լավագույն միջոց: Մարդը աստվածային կանոններին իր հավատարմությունը կարող է իրականացնել պահքի միջոցով: Սա այն հնարավոր եղանակն է, որով մարդը կարողանում է զսպել իր մարմինը, որովհետեւ գաղտնիք չէ՝ ուտելիքը այն եզակի գայթակղությունն է մարդ արարածի համար, որով նա կարող է դավաճանել, սպանել, լքել սրբությունները, գազանություններ անել: Հետեւաբար, այդ մեղսագործությունները՝ նախանձը, հպարտությունը, բարկության որակները, որկրամոլությունը սանձվում են միայն պահեցողությամբ:

«Եկեղեցու կազմավորմանը զուգընթաց հստակեցվել են պահեցողության օրերը: Որպեսզի մարդը ինքն իրեն չորոշի պահք պահել այս կամ այն օրը, դրվել է նաեւ շաբաթապահքերի կարգը, որոնք տարեկան 9-ն են, եւ հետո դրվել է տարեկան ամենամեծ՝ 40-օրյա պահքը, որն իր խորհրդաբանությամբ տարբերվում է մյուս պահքերից»,- ասում է Վանաձորի Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը՝ ավելացնելով, որ բոլոր պահքերի համար պահեցողության կերպը, տեսակը, որակը նույնն են, բայց խորհրդաբանության առումով մեծ պահքինը քիչ այլ է, քան մյուսներինը: Սննդի պահքով մարդը նետվում է այդ ժամանակաշրջանում երկարաժամկետ ապաշխարության շրջան, որի մեջ 7 շաբաթ իրար հետեւելով, որոշակի խորհրդաբանությամբ եկեղեցու վարդապետությունը առաջնորդում է իր հավատացյալներին՝ հանգրվան առ հանգրվան ապաշխարության փուլերը ապրելու: Այստեղ իրենց խորհրդաբանությամբ մեկը մյուսին հաջորդում են Բուն Բարեկենդանի, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան, Ծաղկազարդի եւ Սբ. Հարության կիրակիները:

Մեծ Պահքի շրջանում հարկավոր է հրաժարվել կենդանական ծագում ունեցող կերակուրներից՝ մսեղեն, կաթնեղեն, բավարարվել բավական քիչ չափաբաժնով՝ զուտ գոյությունը պաշտպանելու համար. «Պահք խիստ կերպով կարող են պահել նրանք, ովքեր մտավոր, ֆիզիկական աշխատանքով չեն զբաղվում, իսկ նրանք, ովքեր մտավոր լուրջ աշխատանքի մեջ են, եկեղեցին սահմանում է որոշ զիջումներ՝ նրանց թույլատրելով կիրակի օրերին ձուկ ուտել՝ մարմինն ինչ-որ մի կերպ զորացնելու համար»,- ասում է Վահան քահանա Ազարյանն ու կարեւորում պահք պահելու հոգեւոր նշանակությունը. «Պահքի շրջանի ամենագլխավոր խնդիրն է՝ հնարավոր կերպով գիտակցել սեփական մեղավորությունը, հրաժարվել դրանից, Ատվածաշունչ ընթերցել, աղոթքին ավելի շատ ժամանակ տրամադրել, ինքնաքննությամբ ապրել, հրաժարվել զանազան հաճույքներից, խնջույքներից, խրախճանքներից. ի վերջո` պահքի շրջանում եկեղեցին արգելում է պսակադրությունը, քանի որ խրախճանքներն այս շրջանում չեն արտոնվում եւ չի թույլատրվում ամուսնական կենակցությունը»,- ասում է նա:

Բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են դիմում այդ փորձությանը, եկեղեցին մի քանի առավելություն է տալիս. կա՛մ պահք պահել առաջին եւ վերջին շաբաթների ընթացքում, կա՛մ անպայմանորեն միայն վերջին շաբաթը, երբ մոտենում է Սբ. Հարությունը կամ էլ գոնե ծոմ պահել, այսինքն՝ ոչինչ չուտել չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին ամբողջ ընթացքում՝ 16 օր, սակայն այդ ամենը պետք է որոշվի քահանայի հետ. «Ընդհանրապես բոլորին խորհուրդ կտամ՝ ինքնակամորեն եւ սիրով ընդգրկվեն ավանդության մեջ եւ լրջությամբ նայեն իրենց կյանքին, իրապես պահքը պահեն՝ սիրով, քաղցրությամբ, հանդարտությամբ, որպեսզի շատ սիրով ու աստվածային կարողությամբ հասնեն ավարտին»,- հորդորում է եկեղեցու հոգեւոր հովիվը:


Աղբյուրը` http://www.asparez.am/news-hy/mec_pahq-hy/

Դիտումներ: 557 | Ավելացրեց: davah | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
nts">
Имя *:
Email:
Код *: