Կոչ իշխանություններինԱզատության հրապարակում մթնոլորտը շիկանում է։ Հանրահավաքները դեռևս չեն հասել 2008-ի պիկին, բայց, կարծում եմ ավելի վճռական են։ 2008-ին ինչ-որ տեղ Սերժ Սարգսյանի հետ հույսեր ունեին. նա նոր էր նախագահ դառնում և Ռ.Քոչարյանի անմարդկային ֆոնի վրա թվում էր, թե Սարգսյանին մարդկային հատկանիշները խորթ չեն։ Կարծիք կար նաև, որ նկատի ունենալով մարտի 1-ի գազանությունները նա կփորձի որոշ չափով մարդկանց փոխհատուցել քիչ թե շատ արդար կառավարմամբ. զիջումների կգնա ընտրությունների հարցերում, ի շահ ժողովրդի կփոխի եկամուտների սկզբնական բաշխումը, կսահմանափակի օլիգարխիկ համակարգը, կսանձի թաղային հեղինակություններին ու սուտի գողականներին։ Անցավ 5 տարի։ Խոստացված 100% տնտեսական հավելաճի փոխարեն ունենք…4%։ Իրական եկամուտների կրկնակի աճի փոխարեն ունենք… 11%։ Մի փոքր ավելի բարվոք է իրավիճակը կենսաթոշակների հարցում, բայց այստեղ էլ աճ կոչվածը խոստացածից 3 անգամ ցածր է։ Երկիրը լքել է 225 հազ. մարդ։ Օլիգարխիկ համակարգն այդ ընթացքում ոչ թե թուլացավ, այլ էլ ավելի ամրապնդվեց։ Բավական է ուշադրություն դարձնել արտադրության ու առևտրի համակենտրոնացման մասին պաշտոնական տեղեկատվությանը։ Ի դեպ, տնտեսության կենտրոնացման որոշակի աստիճանից սկսած ցանկացած աճ ռեսուրսների վատնում է։ Իրոք, ի՞նչ օգուտ նման զարգացումից, երբ դրա արդյունքներն ի վերջո բաժին են հասնելու օլիգարխներին, իսկ վերջիններս էլ, առանձին բացառություններով, այդ փողը որպես կանոն դուրս են հանելու։ Վարչապետին ու նախարարներից ոմանց այս բանը չես հասկացնի. դա նրանց ունակություններից դուրս է։ Միակ բանը, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանի կողմից արվել է, հանդարտ արտաքին քաղաքականությունն է և անձնական ընչաքաղցության բացակայությունը։ Այսքանից հետո արժե՞ զարմանալ փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքների վրա։ Արտաշատում, օրինակ, իսկական տեռոր էր։ Փետրվարի 18-ին իմ վստահված անձանցից 4-ին գողացել էին, դանակներով ծակել էին իրավաբան Տիգրան Եգորյանի մեքենայի անիվները, որպեսզի նա նյութերով ընտրատարածքային հանձնաժողով չհասնի։ Հարձակվում էին իմ շտաբների վրա և հետո բացահայտում "մեղավորներին”՝ ինչ-որ երեխաների անուններ տալիս։ Կարո Կարապետյանը, Ջոնիկ Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը, Անդրանիկ Սարգսյանը իրար հետ մրցում էին, թե ու՞մ ընտրատատեղամասում ով կհաղթի։ Ավշարում հայտնի եղբայրները բաց քվեարկություն էին կազմակերպել։ Երևանում Էրեբունու, Սիլաչիի, Մալաթիայի ու Ավանի ախպեր տղերքը մրցում էին Սերժ Սարգսյանին նվիրվածության ապացույցներ ցույց տալով. իրենց տեղամասերում "օգնելով” վերջինիս բարձր տոկոսներ հավաքելու, իսկ "նվիրվածության գծով կոնկուրենտ ախպոր” տեղամասում վարվելով ճիշտ հակառակ ձևով (ինչպես Կռիլովի հայտնի առակում)։ Եղվարդում քվեարկում էին ավելի քան 15 տարի արտասահմանում գտնվող քաղաքացիները։ Նրանցից ոմանք վաղուց այս աշխարհում չեն։ Արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք։ Քարոզարշավի ընթացքում ասում էի չէ, իբր թե Սերժ Սարգսյանի համար ապահովել եք առաջին տեղը, հիմնովին լծվել եք երկրորդ տեղը կանխորոշելու խնդրին։ Հիմա ժողովուրդը հաղթանակ է տարել։ Նա չի վարվել այնպես, ինչպես կկամենային իշխանությունները։ Ազատության հրապարակը լիքն է։ Պահն է, որ Սերժ Սարգսյանն ու իշխանությունները հասկանան. դա նաև իրենց ժողովուրդն է։ Հասկանան ու գան հրապարակ։ Սա լավագույն պահն է ժողովրդի հետ լինելու, համակարգային փոփոխություններ սկսելու համար։ Ի՞նչու չազատվել վերը նշված պարոններից, ի՞նչու չդեմոկրատացնել քաղաքական կյանքը, ի՞նչու չապակենտրոնացնել տնտեսությունը, ի՞նչու չազատվել դատարկ բարեփոխիչներից։ Սերժ Սարգսյան – Րաֆֆի Հովհանիիսյան հանդիպումը կայացել է։ Ի՞նչու Րաֆֆի Հովհաննիսյանին չտալ բոլոր վճռական ու աներկբա հնարավորությունները երկիրը կարգի բերելու։ Ձևաչափը կարելի համաձայնեցնել։ Ի՞նչու վերջապես չհայտարարաել նոր ընտրությունների, այդ թվում նաև ԱԺ ընտրությունների մասով։ Այս ԱԺ-ում մեծամասնությունը եթե ուզենա կարող է օրենք ընդունել, որ 2 անգամ 2-ը 5 է։ Ընդդիմություն չկա։ ԱԺ կանոնակարգ-օրենքը օրենքներ չընդունելու, այլ ոչ թե ընդունելու մասին է։ Ի՞նչու չհայտարարել, որ Երևանի ավագանու ընտրություններում ցանկացած թաղային հեղինակ կամ օլիգարխ, ով ապօրինի կմիջամտի գործընթացին, տեղում կպատժվի։ Մի՞թե հույսներս այն է, որ այս անգամ էլ կստացվի ու ի վերջո ժողովուրդը ձեռնունայն կթողնի Ազատության հրապարակը։ Դեռ ուշ չէ։ Սերժ Սարգսյանն ու իշխանությունները կարող են վիճակ փոխել։ P.S. Անկախ նրանից ես ֆիզիկապես հրապարակում եմ, թե ոչ, հոգով, սրտով այդ ժողովրդի հետ եմ։ Վաղը կլինեմ ազատության հրապարակում։ Այս պահին ասում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում։ Հավատում եմ, որ մի բան ստացվելու է։
|