Կաթոլիկ եկեղեցու Սուրբ Վալենտինը հայ իրականության մեջ ընկալվում է որպես սիրահարների խորհրդանիշ, ինչը, սակայն, Հայ առաքելական եկեղեցին չի խրախուսում: «Մենք չենք խրախուսում, որ մեր իրականության մեջ այս տոնը մեր ազգային եկեղեցական տոների շարքում ամրագրվի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Վերջինիս կարծիքով՝ Սուրբ Վալենտինի տոնը մեր իրականության մեջ ավելի շատ կոմերցիոն խնդիր է լուծում, որը տոնի ընթացքում ընդգծված երևում է: «Վալենտինի տոնի մասին խոսելիս նախ պետք է հասկանալ, թե որ Վալենտինի մասին է խոսքը, իրականության մեջ երկու Վալենտին գոյություն ունի, որոնց պատմությունները խառնվում են իրար, և չես հասկանում, թե իրականում որ Վալենտինի տոնն են նշում»,- ասաց նա՝ նշելով, որ այս տոնը խորհուրդ էլ չունի, այն օտար տոն է, որը ներմուծվել է մեր իրականություն:
Քահանայի խոսքով պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել Սուրբ Սարգիս զորավարի տոնին, որն ավելի շուտ ընկալվում է որպես աղաբլիթ ուտելու օր:
«Այստեղ պետք է ուշադրություն դարձնել Սուրբ Սարգսի վարքին, ով աստվածային իր սիրով նահատակվեց և հանձն չառավ հավատուրացությունը»,- ասաց նա և ավելացրեց, որ իրեն այդ տոնին ավելի շատ ընդգծում և կարևորում են Աստծո նկատմամբ սերը: Իր վարքով էլ ժամանակի ընթացքում Սուրբ Սարգիսը սրբացվել է և մտել մեր եկեղեցու տոնացույց:
Միևնույն ժամանակ Տեր Եսայի քահանան նշեց, որ եթե մարդիկ նշում են Սուրբ Վալենտինի տոնը, չենք կարող ասել, որ այդ երևույթը հակահայկական մի շարժում է:
«Բայց ցանկալի չէ այդ տոնը, և մենք խորհուրդ ենք տալիս մեր տոներին հետևեն, որպեսզի մեր ավանդույթներն ավելի զորանան և ամրանան, մեր նպատակը հիմնականում սա է: Մենք Վալենտինի տոնի դեմ կռիվ չենք տալիս, պարզապես խորհուրդ ենք տալիս»,- նկատեց նա:
Հարցին, թե արդյոք հետագայում Սուրբ Վալենտինն էլ կարող է դասվել հայ եկեղեցու սրբերի շարքին, քահանան պատասխանեց, որ դրանում ոչ մի իմաստ և պատճառ չի կարելի տեսնել, որով կարող է Վալենտինը դասվել մեր սրբերի շարքում, նա կաթոլիկ եկեղեցու սուրբ է, և, սովորաբար, նրանք մեր եկեղեցու տոնացույց չեն մտնում:
Նշենք, որ Վալենտինի տոնին սիրահարների համար, որպես նվեր, արդիական են ծաղիկները, սիրային բացիկները: Եվ ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ամենապահանջված նվերը շարունակվում են ծաղիկները մնալ:
«Մեզ մոտ տոնական պատվերները հիմնականում ծաղիկներ են, որոնցից ամենաշատը պատվիրում են միջինը 10 000-15 000 դրամ արժողությամբ ծաղիկներ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց flora.am ծաղիկների առաքման ինտերնետային ծառայության մենեջեր Աննան՝ նշելով, որ տոնի առթիվ պատվերների թիվը, միանշանակ, ավելանում է:
Ծառայությունն առաջարկում է նաև խաղալիքներ, քաղցրավենիք, կոմպոզիցիաներ: Վերջինիս տեղեկացմամբ՝ այս օրերին շատ են պատվերները նաև մարզերից:
Աղբյուրը ` http://www.tert.am/am/news/2013/02/14/st-valentines-day-ter-yesayi/
|